Արագած լեռ
Ավանդությունը պատմում է, թե հայոց լեռները մի ժամանակ հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել։ Ամեն օր առավոտ վաղ արթնանալով՝ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները և հետո միայն ողջունել իրար։ Ժամանակ է անցնում։ Եղբայրները ծերանում են, սկսում են ավելի ուշ վեր կենալ։ Մի օր էլ արթնանալով՝ նրանք հակառակ իրենց սովորության՝ մոռանում են նախ գոտիները կապել և բարևում են իրար։ Աստված տեսնելով այդ՝ բարկանում է, պատժում եղբայրներին։ Նրանք քարանում են ու դառնում լեռներ, գոտիները՝ կանաչ դաշտեր, իսկ քարացած եղբայրների արցունքները՝ անմահական աղբյուրներ։ Այդ հսկաներից մեծությամբ չորրորդը Արագածն է՝ Մեծ Մասիսից, Սեբելանից և Սիփանից հետո։
Արագածի մեղմաթեք լանջերը շատ ջրառատ են, բերրի, ծածկված ալպյան մարգագետիններով, արոտավայրերով։ Արագած, Հայաստանի ամենաբարձր կետը, բարձրությունը՝ 4090.1 մետր է ։Արագածը հայտնի է իր սառնորակ աղբյուրներով, որոնք ձնհալի ջրերի ու սառցադաշտերի հետ միասին սկիզբ են տալիս մի շարք գետերի ու գետակների (Գեղարոտ, Ամբերդ, Մանթաշ, Նարիշդ, Գետաձոր, Ծաղկահովիտ և այլն)։
Комментарии
Отправить комментарий