Սևանա լիճ

Սևանա լիճը քաղցրահամ, բարձրադիր, նավարկելի լիճ է: Հայկական լեռնաշխարհի բնության զարդերից է:
Լիճը տարբեր ժամանակներում կոչվել է տարբեր անուններով: Հայերի անվանադիր Հայկ Նահապետի ծոռնորդի Գեղամ Նահապետի անունով կոչվել է Գեղամա կամ Գեղարքունյաց ծով, VII–IX դարերում՝ Դաշնավոր՝ ներդաշնակ, մեղմ, հանդարտ ծփանքների համար: Գտնվում է ծովի մակերևույթից մոտ 1900 մ բարձրության վրա:
Սևանին արտակարգ հմայք են տալիս շրջակա լեռները, որոնք կարծես մեծ շուրջպար են բռնել լճի շուրջը. արևմուտքում՝ Գեղամա, հարավ-արևմուտքում Վարդենիսի լեռնաշղթաներն են, հյուսիս-արևելքում ձգվում են Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի լեռնաշղթաները:Սևանա լիճ են թափվում 28 գետ ու գետակ՝ Ձկնագետը, Գավառագետը, Արգիճին, Վարդենիսը, Կարճաղբյուրը, Մասրիկը և այլն: Սևանը սնվում է նաև ստորգետնյա աղբյուրներով ու մթնոլորտային տեղումներով: Լճից սկիզբ է առնում միայն Հրազդան գետը, որի ջրերով ոռոգում են Արարատյան դաշտի այգիներն ու բանջարանոցները:  
Որոտան–Արփա–Սևան ջրատարի շահագործումն ապահովել է ոչ միայն Սևանա լճի մակարդակի կայունացումը, այլև նրա աստիճանական բարձրացումը: Նախատեսված է առաջիկա 10–15 տարիների ընթացքում լճի մակարդակը բարձրացնել մինչև 6 մ-ով:

Комментарии

Популярные сообщения