Երևանի հարավ-արևելյան ծայրամասում` Նոր-Արեշ և Վարդաշեն թաղամասերի միջև տեղակայված Արին-Բերդ բլրի վրա է գտնվում Էրեբունի քաղաք-ամրոցը: Այն կառուցվել է Ք. Ա. 782թ. ուրարտական տերության հզորագույն արքներից մեկի` Արգիշտի Ա-ի (Ք.Ա. մոտ. 786- 765/764 թթ.) կողմից, ով, համաձայն Խորխորյան արձանագրության, Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասի  գտնվող  երկրներից այստեղ է վերաբնակեցրել 6600 զինվորների, ինքն էլ անվանակոչել է այն։ Էրեբունի ամրոցի կառուցման թվականը համարվում է Երևան քաղաքի հիմնադրման տարեթիվը։
19-րդ դարի վերջերին հնագետ Ա. Իվանովսկին Նորքի բնակիչ Պ.Տեր-Ավետիքյանից ձեռք է բերում  բերդի ստորոտից  գտնված մի բազալտե սեպագիր արձանագրություն, որն էլ վերծանվում և հրատարակվում է Մ. Նիկոլսկու կողմից:Ա. Իվանովսկին այստեղ կատարում է մասնակի պեղումներ, որից հետո երկար ժամանակ բլուրը մնում է չուսումնասիրված: Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները սկսվեցին 1950թ.` Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Հենց առաջին իսկ տարում հայտնաբերված սեպագիր արձանագրությունից պարզ դարձավ, որ այս ամրոցը կառուցվել է Արգիշտի Ա արքայի կողմից և անվանվել Էրեբունի (Էրբունի): Էրեբունի անվան ծագման մասին մասնագիտական գրականության մեջ կան տարբեր կարծիքներ: Դրանց համաձայն էրեբունի նշանակում է «հաղթանակ», «գրավում»: Կան նաև կարծիքներ, թե Էրեբունի նշանակում է «ազատների» քաղաք: Ամրոցին կից  տարածքի մի մասը շրջապատվեց հզոր պարիսպներով:  Շինարարները բարձրացրին և հարթեցրին հսկայական քարե զանգվածներ, և ապա բարձրացվեց 8 մ-անոց պարսպապատը :
800px-Erebuni_Walls1
Ամրոցի մուտքը գտնվել է բլրի հարավային զառիվայր լանջին և պաշտպանված է եղել հզոր աշտարակներով, որից դեպի հրապարակ (բակ) կարելի էր հասնել աստիճաններով: Հրապարակը ամրոցի տարածքը պայմանականորեն բաժանում է 3 մասի` պաշտամունքային, պալատական և տնտեսական:
Կրոնա-պաշտամունքային մասը գտնվում է հրապարակից դեպի հարավ-արևմուտք: Այստեղ է գտնվել Վանի թագավորության գերագույն աստված Խալդիի տաճարը` իր աշտարակաձև շինությունով և սյունազարդ դահլիճով: Վերջինս կազմված էր քարե խարիսխների վրա վեր խոյացող 12 փայտե  սյուներից; Պատերը զարդարված էին հարուստ որմնանկարներով: Ինչ վերաբերում է աշտարակաձև շինությանը, ապա այն հավանաբար  ունեցել է մի քանի հարկ, որտեղ, ամենայն հավանականությամբ, իրականացվել են զոհաբերություններ և այլ ծիսական արարողություններ: Սակայն, հնարավոր է, որ աշտարակաձև շինությունը եղել է հենց տաճարը, իսկ սյունազարդ դահլիճը եղել է առանձին կառույց:Հրապարակից հյուսիս գտնվում էին պալատական շինությունները: Կենտրոնական հատվածը կազմված էր 17×14մ մակերես զբաղեցնող սյունազարդ բակից` երկայնական կողում բաղկացած 5-ական, իսկ լայնական կողում` 4-ական սյուներով: Պալատի դահլիճն ուներ 17×7,5մ չափեր: Դահլիճի տանիքը հարթ էր և ուներ փայտե ծածկ, իսկ պատերը զարդարված էին բազմագույն որմնանկարներով, ինչպես նաև գորգերով, որոնք կախելու համար պատերի մեջ խփել են խոշոր, կլորավուն գլխիկներ ունեցող գամեր: Որոշ անցքեր այժմ էլ պարզ երևում են:
Առանձնակի տեղ էր զբաղեցնում սյունազարդ դահլիճը, որտեղ մտնելու համար անհրաժեշտ էր սյունազարդ բակից անցնել նեղ և երկար մի սրահով, որից հետո բացվում էր վեհաշուք շքադահլիճը: Պատերը և կավածեփ նստարանները սպիտակեցված էին: Դահլիճին կից դասավորված էին 5 իրար հաղորդակից սենյակներ:
Պալատական հատվածի արևմտյան հատվածում էր գտնվում սուսի տաճարը` ձոնված Իվարշա/Իուբշա աստծուն: Ընհանրապես, սովորաբար սուսի տաճարները ձոնվել  են Ուրարտուի գերագույն աստված Խալդիին, և միայն Էրեբունիում և Չավուշթեփեում(Հայկաբերդ)  այս տաճարները համապատասխանաբար նվիրված են եղել  Իվարշա և Իրմուշինի աստվածներին: Իվարշա աստծո վերաբերյալ կան տարբեր կարծիքներ: Դրանցից մեկի համաձայն Իվարշայի պաշտամունքն ունեցել է փոքրասիական ծագում: Ըստ մեկ այլ կարծիքի` այս աստվածությունը եղել է Արարատյան դաշտի տարածքում գտնվող Ուազա երկրի բնակիչների աստվածություններից մեկը:
800px-Urartian_Tablet03

Комментарии

Популярные сообщения