Ծաղկազարդ կամ Ծառզարդար

Այս տարի Հայ Առաքելական Եկեղեցին մարտի 25-ին նշում է Ծաղկազարդի տոնը:
Ծաղկազարդը գարնան սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն է: Այն նշվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ Մեծ Պահքի նախավերջին կիրակի օրը: Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ, երբ նրան դիմավորում են ձիթենու ոստերով:
Ժողովրդական սովորույթներով՝  Ծաղկազարդը խորհրդանշել է բնության գարնանային զարթոնք. հեթանոսական շրջանում այս օրերին է եղել Ատիս, Արա, մյուս գարնանային աստվածների տոները: Հնավանդ սովորույթներով՝ հայոց լեռնաշխարհի տարբեր անկյուններում ճոճանակի վրա ճոճել են չամուսնացած աղջիկներին՝ համոզելով, որ ասեն սիրեցյալների անունները, մոմերով ու մրգերով ծառ են զարդարել: Սիրահարված պատանիներն իրենց ընտրյալներին նվիրել են զարդարուն մոմի վրա անցկացրած արծաթե մատանի, և այս փոքրիկ ծիսակարգով իրենք նշանված են համարվել: Նորահարսերն այցելել են ծնողներին: Երեխաները՝ ուռենու ճյուղերը ձեռքներին, երգերով շրջել են տնետուն ու հավաքել ձվեր, որ պիտի մեկ շաբաթ անց կարմիր ներկվեին:
Տոնը հայտնի է նաև որպես Ծառզարդար, որը դարձյալ գարնան գալն է խորհրդանշում:
Ծաղկազարդի նախօրեին բացվում են եկեղեցիների խորանի վարագույրները, իսկ բուն տոնին կատարվում է պատարագ` բաց վարագույրներով: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնվում են ուռենու, ձիթենու ոստերը և բաժանվում հավատացյալներին: Օրհնված ճյուղերը համարվում էին չարխափան: Այս ճյուղերով խփում էին անասուններին, որ չար աչքից հեռու լինեին, կախում էին խնոցուց, որ կաթը յուղոտ լիներ, կախում էին տան պատերից, որպեսզի տնեցիք հաջողակ լինեին: Նաև հարվածում էին միմյանց` ասելով. «Մեջքը տեղը, կամքը տեղը»:
Մարդիկ այդ առիթով զարդարում էին իրենց տները, բակերը ուռենու կամ ձիթենու օրհնված ճյուղերով, և պահում էին դրանք փոթորկից, բքից պաշտպանվելու համար, հետո այրում էին և մոխիրը շաղ տալիս քամուն՝ փորձանքից զերծ մնալու նպատակով: Ժողովուրդն օրհնված ճյուղերում տեսնում էր խորհրդավոր ուժ, որի օգնությամբ կարող էր դիմակայել բնության արհավիրքներին: Հնում եկեղեցիներին մոտ գտնվող ծառերը գունավոր ժապավեններով զարդարելու և ճյուղերին մրգեր կախելու սովորույթ կար, որը պտղաբերության գաղափարի հետ էր կապվում: Ծաղկազարդը երիտասարդների տոն է: Այդ մասին են վկայում կատարվող ծեսերը: Այդ օրը տղաները և աղջիկները հագնում են իրենց գեղեցիկ զգեստները: Երիտասարդ տղաները արմատախիլ էին անում ուռենի, և ճյուղերը զարդարում գունավոր կտորներով, որ այն տանեն իրենց սիրելիին: Այսօր էլ որոշ սովորույթներ պահպանվել են
Որն է սովորույթի էությունը: Կեսգիշերին պատանիները շտապում էին եկեղեցի, և նա, ով առաջինն էր հասնում, հնչեցնում էր զանգը, իսկ մյուսները գնում էին քահանային արթնացնելու: Իսկ առավոտյան՝ ծառերն օրհնելուց հետո, մարդիկ՝ հիմնականում երիտասարդները, մեկական ճյուղ պոկելով, տանում էին այն տուն, տնկում հողի մեջ կամ կախում առաստաղին: Այդ երեկոյան հաճախ էր նորանշանակ զույգերի նշանադրություն կատարվում: Այս ամենն ուղեկցվում էր ժողովրդական երգ ու պարով: Այս սովորույթը կապվում է տոնի գաղափարի՝ բնության զարթոնքի հետ: Ծաղկազարդին, չնայած նրան, որ պահքի շրջան է, քաղցրավենիք և համեղ ուտեստներ են պատրաստվում:

Ծաղկազարդի խոհանոց

Ոսպով շորվո
Ոսպը ընտրում են, լվանում, սովորական ջրում եփում՝ ավելացնելով աղ ու մանրացրած կարտոֆիլ: Ձեթով սոխառած են անում, լցնում ապուրի վրա, լավ եփելուց հետո համեմում են չորացրած կանաչիով: Ուտում են սառը՝ նախապես համեմելով քացախով:
Աղամաղ
Սմբուկի կանաչ գլխիկը, որ ժամանակին չորացված է, լավ եփում են, վրան ձեթով սոխառած լցնում, աղ, պղպեղ անում եւ վերջ:
Ծաղկազարդի բաղարջ
Բարձր կարգի  ալյուրով, մեղրով, աղով, ձեթով, խմորի սոդայով եւ գոլ ջրով, առանց երկար հունցելու պատրաստել պինդ խմոր, ծածկել խոնավ շորով, թողնել հանգստանալ 15-20 րոպե: Ապա խմորի որեւէ հատվածում դնել փայտե խաչ, գրտնակել 1-1.5սմ հաստության կլոր շերտով, երեսին պատառաքաղով գծեր քաշել, մի քանի տեղից ծակել, մեղր քսել, թխել:
Օձի թթու
Վերցնել 1 կգ հատիկավոր ձավար, 0,5 կգ միս, 1 լիտր թթվաջուր, 2 գլուխ սոխ և 200 գ կենդանական ծագմամբ յուղ: Թթվաջուրը լցնել լվացած ձավարի ու մսի վրա և եփել մարմանդ կրակի վրա: Վերջում ավելացնել նշված յուղով ու մանր կտրտած սոխով պատրաստված սոխառածն ու խառնել: 
Մատուցել տաք վիճակում` ծեծած սխտորի հետ: Հատուկ օրերին եփած այս կերակուրը տանտիկինները սեղանին են դրել` ասելով. «Ով այն ուտի` օձը նրան չի խայթի»:…
Ծաղկազարդի նախօրեին աղջիկները դաշտ ու անտառ էին գնում` կանաչի հավաքելու: Տոնին անպայման պետք է նոր դուրս եկած կանաչեղեն ուտեին:
Հում կանաչեղենից կարևորագույնը աղբյուրների մոտ աճած դաղձն էր, շատերն էլ եփած կանաչեղենը տանում էին եկեղեցի և բաժանում որպես մատաղ:
Այդ օրը հատկապես բանջար (եղինջ) են եփել, որպեսզի նրա ծակող զորությունը վերանա, քանզի հավատացած էին, թե Հիսուսին բանջարով են ծեծել:

Комментарии

Популярные сообщения