Մի իրի պատմություն: Ձեռնոց
Առաջին ձեռնոցը հայտնվել է մեր թվարկությունից դեռ հազարավոր տարիներ առաջ Հին Եգիպտոսում: Այն բավականին տարօրինակ տեսք ուներ և հիշեցնում էր թաթմանի: Ինչ վերաբերում է մեզ արդեն հայտնի ձեռնոցին, ապա այն առաջին անգամ հայտնվել է Թութանհամոնի զգեստապահարանում: 1922 թվականին պեղումների ժամանակ փարավոնի գերեզմանափոսում հայտնաբերվեց աշխարհի ամենահին ձեռնոցը: Հին Եգիպտոսում ձեռնոցը հասարակական բարձր դիրքի խորհրդանիշ էր համարվում: Ձեռնոցին այլ կերպ էին վերաբերվում Հին Հունաստանում և Հռոմում: Դրանք օգտագործում էին միայն գործնական նպատակներով. պաշտպանում էին ձեռքերը ծանր աշխատանքից, ուտելիք պատրաստելիս պաշտպանում էին վառվելուց, ինչպես նաև գլադիատորական մարտերի ժամանակ: Կանայք ձեռնոց էին հագնում` նախօրոք ձեռքերին մեղր և անուշաբույր յուղեր քսելով: Միջնադարում ձեռնոցների արտաքին տեսքն ու ֆունկցիաները փոփոխվեցին: Թաթմանների նման ձեռնոցները օգտագործվում էին գյուղացիների, որսորդների և զինվորների կողմից: Դրանք պատրաստված էին եղնիկների, հորթերի կամ ոչխարների կաշվից: Մատներով ձեռնոցները միայն հասարակության բարձր խավերի համար էին: Զինվորներին ձեռնոց էին նվիրում, երբ նրանք ասպետ էին դառնում, եպիսկոպոսներին, երբ նրանք մի աստիճան բարձրանում էին: Բոլորովին այլ դեր էին կատարում միջնադարյան ասպետների ձեռնոցները: Ձեռնոցով ապտակը մենամարտի մարտահրավերի նշան էր: Կնոջ կողմից նվիրված ձեռնոցը, ընդհակառակը, բարեգթության նշան էր: XII դարում Եվրոպայում (Իտալիայում և Ֆրանսիայում հատկապես) հայտնվեցին առաջին ձեռնոցային գործարանները, հետագայում նաև արդեն հայտնվեցին ձեռնոց կարող վարպետները, որոնց գործը շատ պատվաբեր էր համարվում: Ամեն մեկը չէր կարող այդ ժամանակ իրեն թույլ տալ ձեռնոց կրել, ուստի ձեռնոցները անցան շքեղության պարագաների շարքը: Ձեռնոցից կարելի էր դատել դրա տիրոջ հասարարակական դիրքի և հարստության մասին: XV դարում տարածված էր ձեռնոցների վրա օծանելիք ցանել: XVI դարում ձեռնոցների էթիկետը բարդացավ: Տղամարդիկ ստիպված էին ձեռքսեղմումից առաջ հանել ձեռնոցը: Բացի այդ արգելվում էր եկեղեցում, թաղմանը և խրախճանքին ձեռնոցով ներկայանել: 1566 թվականին Եղիսաբեթ I թագուհին Օքսֆորդի արարողությանը ներկայացավ կարճաթև զգեստով և մինչև արմունկները երկարությամբ ձեռնոցով, ինչը սկիզբ դրեց նորաձևության նոր միտումների: Տղամարդու ձեռնոցների նորաձևությանը պարտական են Նապոլեոն Բոնապարտին, ով համարում էր, որ դրանք տղամարդկություն են հաղորդում: 1806 թվականին նրա հավաքածուում 250 զույգ ձեռնոց կար: Այդ ժամանակ ընդունված էր, որ իսկական ջենթլմենը օրական վեց անգամ պարտավոր է փոխել ձեռնոցը: XX դարում Եվրոպայում նորաձև էին այծի կաշվից կարված ձեռնոցները տղամարդկանց և խոզի կաշվից կարված ձեռնոցները կանանց համար:
Комментарии
Отправить комментарий